Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Մայր Աթոռից հայտնում են․
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։
Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Սուրբ Պատարագի ընթացքում Հայկազուն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշել է․
«Քրիստոնեությունը, ամեն բանից առաջ, անձնական հավատքի, հոգևոր զգացումի դրսևորում է։ Նախ մենք՝ որպես անհատններ, պետք է դարձի գանք, Աստծուն գտնենք մեր սրտում, դառնանք լույսի որդիներ, լուսավորենք մեր հոգիները, ապա նոր՝ փորձենք մեր օրինակով քարոզել ուրիշներին։ Առանց այս ամենի չի կարող որևէ ժողովուրդ փրկության առաջնորդվել»։
Այնուհետև պատարագիչ Սրբազանը հորդորեց հավատացյալ ժողովրդին՝ իբրև քրիստոնյաներ հիշել աղքատներին ու կարիքավորներին, այցելել հիվանդներին, բանտարկյալներին ու աղոթել նրանց համար։
«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է, որպեսզի զորանանք Քրիստոսով, վերահաստատենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ զավակները լինելու մեր կոչումը։ Ձգտենք նմանվել մեր սուրբ հայրերին, հավատարիմ մնանք մեր սրբազան ավանդույթներին, պատրաստ լինենք՝ իբրև քրիստոնյաներ, դիմակայելու ամեն տեսակի դժվարությունների և զորացնելու մեր հավատքը», - եզրափակել է Հայկազուն եպիսկոպոսը։
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...