Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել Ղարաբաղից տեղահանվածներին բնակարանային աջակցության ծրագրից
Կառավարության այսօրվա նիստում մի շարք կարևոր որոշումներ ընդունեցինք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Կիրականացվի սոցիալական աջակցության ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման նպատակով․ սոցիալական աջակցությունը կտրամադրվի 120 ամիսների ընթացքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40,000 դրամ։
Ծրագրից կարող են օգտվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված անձինք, բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքները, որոնք՝
բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից,
որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում,
որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Կիրականացվի ինքնազբաղվածության խթանման ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված այն անձանց համար, ովքեր բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակում ձեռք են բերել կամ կառուցել են բնակարան/բնակելի տուն, և վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող։
Աջակցությունը կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝
բիզնեսի ուսուցման դասընթացներ՝ մինչև 300,000 դրամ,
բիզնես ուղեկցում 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար)՝ ամսական 60,000 դրամ,
գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը։
Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները կերկարացվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը:





























