Փոփոխություններ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանության է արժանացրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրությամբ պարզաբանել է այդ փոփոխությունների իմաստը։ 


Գործող օրենսդրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին չի վերապահում այն անհրաժեշտ գործիքակազմը՝ ատելության խոսքի, «թշնամանքի լեզվի», խտրականության և քաղաքացու վարմունքի վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար:


Այսօր նաև կարգավորումից գրեթե դուրս են մնացել ՀՀ քաղաքացու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող տեսալսողական տեղեկատվական հոսքերը։ ՀՌՀ-ի համար ստեղծվում է հստակ իրավական հիմք՝ օրինախախտումների ճանաչման և գնահատման գործընթացում, իսկ հեռարձակող և ցանցային օպերատորի և տեսալսողական ծրագրերի դիտրիբյուտորի համար ապահովվում է իրավական որոշակիություն՝ թույլատրելի և արգելված բովանդակության սահմանների վերաբերյալ։


Հաջորդ կարևոր նպատակներից մեկն էլ այն է, որ հնարավորինս նվազեցվեն ՀՀ տեղեկատվական անվտանգությանն ուղղված սպառնալիքները։ Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը, ի թիվս այլնի, բխում է նաև նրանից, որ տեսալսողական մեդիա բնագավառը, տիրույթը «պաշտպանված չէ» օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից:


Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող և կաբելային ցանցերով վերահաղորդվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում են մեր հանրային և պետական շահերի հետ չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար ՀՌՀ-ն գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորման գործիքակազմ չունի:


Տեսալսողական մեդիա բնագավառը օտարերկրյա տեսալսողական ծրագրերից «պաշտպանելու» անհրաժեշտությունը ինքնին կապված է ազգային անվտանգության, հասարակական համերաշխության ապահովման, ընտրական գործընթացների նկատմամբ ենթադրյալ միջամտություններից պաշտպանության հետ:


Այս կարգավորումը միտված է ապահովելու պետության տեղեկատվական տարածքի պաշտպանվածությունը, հանրային շահերի և արժեհամակարգի պահպանությունը՝ միաժամանակ սահմանելով կանխատեսելի և իրավաչափ գործընթաց վերահաղորդվող մեդիա արտադրանքի նկատմամբ։


Նախատեսվող փոփոխությամբ ապահովվում է նաև իրավական այն մեխանիզմի ներդրումը, ըստ որի՝ եթե ցանցային օպերատորը հանդես է գալիս որպես դիստրիբյուտոր և անմիջապես օտարերկրյա հեռարձակողի հետ վերահաղորդման գրավոր համաձայնություն է ձեռք բերում՝ առանց միջնորդ դիստրիբյուտորի ներգրավման, ապա տվյալ ցանցային օպերատորի նկատմամբ սկսում են գործել դիստրիբյուտորի նկատմամբ սահմանված իրավական կարգավորումները: Այս կարգավորումը միտված է բացառելու հնարավոր կարգավորող շրջանցումները և ապահովելու, որ անկախ այն բանից, թե վերահաղորդման գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել դիստրիբյուտորի, թե ցանցային օպերատորի կողմից՝ համապատասխան մեդիա արտադրանքի վերահաղորդումը ենթակա լինի նույնական իրավական վերահսկողության ու պատշաճ օրինական ընթացակարգերի:


Առաջարկվող կարգավորումներ արդյունքում՝ հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունը՝ բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումներն ու անբարենպաստ դիրքում հայտնվելու ռիսկերը։


Բացի այդ՝ օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը։


Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանություն իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունը ու վերահսկելիությունը, ինչպես նաև կկատարելագործվի տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները՝ նպատակ ունենալով բարձրացնել օրենքի կիրառելիությունը և գործնական արդյունավետությունը։


Սույն փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կիրականացնի ՀՀ տարածքում արդեն իսկ վերահաղորդվող բոլոր տեսալսողական ծրագրերի օրենսդրությանը համապատասխանության ստուգում։


Կառավարության հավանությունից հետո «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Քաղաքականություն

Պատահարներ