Գուցե 65 տարեկանը ուզում է առանձին ապրել, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի. վարչապետ

Քանի տարի է՝ մենք հանրության իրազեկման մասին խոսում ենք, չի ստացվում, բյուջեից փող ենք տալիս, կառույց ենք ավելացնում, բայց չի ստացվում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Կարող ենք մի հատ էլ կաբինետ ավելացնել, հաստիք ավելացնել, էդ կաբինետում մարդ նստացնել, բայց մարդը նախարարության կամ էդ գերատեսչության տեղը չգիտի, ու եթե գերատեսչությունում վեց կաբինետ էլ ավելացնենք, ի՞նչ է դրանից փոխվելու։ Դրա համար պետք է ավագանու անդամնեը, պատգամավորները ակտիվ կապի մեջ լինեն մարդկանց հետ։ Պետք է մարդու մոտ գնացող լինի, եթե մարդու մոտ գնացող եղավ, կլուծվի հարցը»,–ասաց նա։


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նկատեց» «Մենք միշտ մոռանում ենք այն մյուս տասնյակ հազարավոր դեպքերը, որոնք արդեն լուծվել են, ու դրանց մասին մենք ոչինչ չենք լսում»։


Փաշինյանն արձագանքեց. «Կներեք, բայց լուծված խնդիրը ո՞ւմ է հետաքրքիր, անհետաքրքիր, ձանձրալի բաների մասին եք խոսում։ Մի հատ նենց հետաքրքիր, կոռուպցիոն ենթատեքստերով մի բան ասեք, թե չե՝ լուծված խնդիր»։


Անդրադառնալով քննարկվող հարցին, որով առաջարկվում է այն արցախցիներին, որոնց ընտանիքը 1-3 անդամից է բաղկացած և ստացած գումարով չեն կարող բնակարան գնել. «Ասենք, ընտանիքը երկու անդամ ունի, մեկը 80 տարեկան է, մյուսը առաջին խմբի հաշմանդամ։ Մենք հիմա իրենց ասում ենք՝ դե սերտիֆիկատը տվել ենք, գնացեք, բայց մարդը չի կարող տուն առնել դրանով։


Մենք հիմա ասում ենք՝ եթե դուք գնահատում եք, որ դա ձեր վիճակն է, որպեսզի մարդը անընդհատ սթրեսի մեջ չլինի, վայ հեսա դեկտեմբերի 31-ը անցավ, բա ես հիմա ի՞նչ եմ անելու, փողոցում եմ հայտնվելու, մենք ասենք՝ ոչ, փողոցում չեք հայտնվելու, մենք 10 տարի հեռանկար ենք բացում, վարձն ենք տալիս»,–ասաց Փաշինյանը։


Ընդհանրապես 65 տարեկանից բարձր մարդկանց համար կյանքի սցենարների որոշակի տարբերակներ պետք է ունենանք մշակած։ Դրա մասին էլ ընդունված չի խոսել, մենք դրա անունը դրել ենք՝ ավանդույթ կամ չգիտեմ ինչ։ Եթե, օրինակ, 65 տարեկան մարդը ուզում է առանձին ապրի, ինքը ի՞նչ տարբերակներ ունի։ Շատ տարբերակներ չունի, իսկ մենք պետք է ստեղծենք։ Մենք մի հատ կլիշե ունենք, ամեն ինչ ուզում ենք մտցնենք այդ կլիշեի մեջ։ Իսկ ո՞վ է ասում, որ 80 տարեկան մարդու համար ժամանակը ծախսելու լավագույն ձևն այն է, որ ինքը գնա, տներ ման գա, տուն առնի, հետո մտածի կաֆելը ինչ անի, մետլախը ինչ անի, տանիքը ինչ անի։ Կարող է մարդուն պետք է ուղղակի մի հատ մինիմալ կոմֆորտի մի բան ունենալ, այդտեղ ապրել և լրացուցիչ հոգսերի մեջ չմտնել»,– ընդգծեց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ