Հայաստանը տարեկան 700 տոննա չինական գրաֆիտացված էլեկտրոդներ կներմուծի՝ առանց տուրքի
ԵՏՀ որոշմամբ Հայաստանը կկարողանա տարեկան 700 տոննա չինական գրաֆիտացված էլեկտրոդներ ներմուծել՝ առանց հակագնագցման տուրք վճարելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ չինական ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի՝ քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ քառակուսիից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ քառակուսի մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հայտնում են, որ վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։ Նշվում է, որ հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։ Դեկտեմբերի 20-ին Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել էր սև մետաղների ներմուծումն արգելող օրինագիծ։ Ըստ Trading Economics-ի՝ Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալը հոկտեմբերին աճել է մինչև 1,193.6 միլիոն դոլար՝ 2025 թվականի սեպտեմբերի 980.2 միլիոն դոլարի համեմատ։





























