Չկա ակնարկ՝ ՌԴ-ի կողմից խաղաղ համաձայնագրից հրաժարվելու մասին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ներկայումս որևէ հստակ ազդանշան չկա, թե ռուսական կողմը պատրաստվում է հրաժարվել խաղաղ համաձայնագրից, սակայն նման սցենարի դեպքում Արևմուտքը պետք է ուժեղացնի Ուկրաինայի աջակցությունը։
Այս մասին Զելենսկին ասել է՝ պատասխանելով հարցին Ռուսաստանի կողմից հնարավոր հրաժարման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե Մոսկվան ընտրի ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական ուղին, ապա դա կհաստատի, որ պատերազմող կողմերից մեկը հրաժարվել է բանակցություններից։
«Եթե Ռուսաստանը հրաժարվում է դիվանագիտական ճանապարհից, նշանակում է՝ պետք է ուժեղացնել մյուս կողմին՝ Ուկրաինային։ Ուժեղացնել՝ զենքով, պատժամիջոցներով և ֆինանսական աջակցությամբ։ Սա վերաբերում է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Եվրոպային»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Միևնույն ժամանակ Զելենսկին հավելել է, որ իր գնահատմամբ՝ Մոսկվայում իրականում չեն ցանկանում պատերազմի ավարտը, թեև պաշտոնական մակարդակով դեռևս բացահայտ մերժում խաղաղ գործընթացից չի հնչել։





























