ԱՄՆ-ն ՀՀ կարտահանի քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ. դեսպան
էներգետիկ անվտանգության շուրջ ՀՀ-ԱՄՆ համապարփակ երկկողմ գործընկերության փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի մեծացնել Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը՝ արդիականացնելով ու ընդլայնելով արտադրությունը. տարեկան ամփոփ ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123 համաձայնագրի» շուրջ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ»,-ասել է նա։
Ըստ դեսպանի՝ այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։
«Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ՝ ապագայի համար։
Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին»,-ասել է նա։





























