Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն

Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարեց դեռ ամիսներ առաջ։ Այն վիրտուալ հարթակ է, որի նպատակն է խրախուսել ԱԲ ոլորտում գործող հետազոտողներին, ստարտափերին, գիտահետազոտական և կրթական ինստիտուտներին ու բուհերին։


Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին արհեստական բանականության ոլորտում նախարարության ծրագրերի մասին։


«Այս պահին շուրջ 55 հազար ինժեներ-ծրագրավորող է ներգրավված տեխնոլոգիական ոլորտում։ Մեր նպատակն է խրախուսել, որ հատկապես ԱԲ նորարարությամբ զբաղվող մասնագետների թիվը շարունակ աճի։ Այդ ուղղությամբ համագործակցում ենք մի շարք համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների հետ»,– նշեց Հայրապետյանը։


Նա հավելեց, որ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն՝ Firebird ընկերության մասնակցությամբ։


«Ուզում եմ ընդգծել օգոստոսի 8-ին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը արհեստական բանականության և կիսահաղորդչային ինդուստրիայի ոլորտում։ Սա կլինի այն ռազմավարական հիմքը, որի վրա կկառուցվի նոր տեխնոլոգիական համագործակցությունը։ Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումների մասին է»,– ընդգծեց նախարարը։


Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ արհեստական բանականությունը ՀՀ-ի համար համարվում է ռազմավարական առաջնահերթություն, և պետություն-մասնավոր գործընկերությունը կօգնի Հայաստանին դառնալ տարածաշրջանի տեխնոլոգիական առաջատարներից մեկը։

Քաղաքականություն