Լատվիայի ԱԳՆ․ չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը պաշտոնական փաստաթղթերում

Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույայի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին առաջացրել է լրատվական հետաքրքրություն և մեկնաբանությունների անհրաժեշտություն։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական մամուլում հրապարակված հարցազրույցում դեսպանը նշել էր, որ այդ միջանցքը կարող է դառնալ Արևելքից Եվրոպա և հակառակը տրանսպորտային ու լոգիստիկ կապերի զարգացման կարևոր ուղի։


«Հրապարակման մեջ օգտագործված ձևակերպումը արտացոլում էր Ադրբեջանի հանրային դիսկուրսում ընդունված բառապաշարը»,- պարզաբանել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով «Хроники Кавказа» պարբերականի հարցմանը։


Նախարարությունը նշել է, որ Լատվիան հարգում է միջազգային համաձայնագրերը և գործընկեր երկրների դիրքորոշումները՝ խուսափելով հակասական տերմինների օգտագործումից։ Պաշտոնական փաստաթղթերում և հայտարարություններում Լատվիան հետևում է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված սահմանումներին՝ որոնք արտացոլում են Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային գործընկերների ընդհանուր դիրքորոշումը։


«Լատվիան կողմ է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի զարգացմանը՝ հենվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Քաղաքականություն