
Կապալառուների պայմանագրերը խզվել են. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

«ՀԷՑ-ին պատկանող ավելի քան երեք տասնյակ հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներ (հորատող մեքենաներ, մանիպուլյատորներ, ավտոաշտարակներ) կբաշխվեն ՀԷՑ-ի՝ 20-ից ավելի մարզային տարածքային ստորաբաժանումներին, որոնց միջոցով աշխատակիցներն ու հերթապահ խմբերն ավելի արագ և արդյունավետորեն կիրականացնեն վթարավերականգնողական աշխատանքները տեղերում»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով.
«Սա այն շուրջ վեց տասնյակ տեխնիկատրանսպորտային միջոցների մի մասն է, որոնք վարձակալության պայմանագրերով ՀԷՑ-ը տարիներ առաջ հանձնել էր «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված 4 կապալառու ընկերությունների, որոնք էլ ՀԷՑ-ի Ներդրումային ծրագրերով նախատեսված աշխատանքներ էին իրականացնում նույն ՀԷՑ-ի համար, սակայն դրանց ընթացիկ սպասարկման և վերանորոգման ծախսերը թողնելով ՀԷՑ-ի վրա (նախատեսված պայմանագրով)։
Ընդ որում՝ վարձակալության պայմանագրերի կնքումից ի վեր վարձակալության դիմաց մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը որևէ վճարում վերջիններս չէին կատարել ՀԷՑ-ին։
Մեր ուսումնասիրությունների և իրավահարաբերությունների փոխադարձ ճշգրտումների արդյունքում պարզ դարձավ, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված 60-ից ավելի տեխնիկայի վարձակալության դիմաց ՀԷՑ-ին կապալառու ընկերությունների ունեցած դեբիտորական պարտքը կազմում է ավելի քան 180 մլն ՀՀ դրամ։
Այդ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով մեր նախաձեռնությամբ շաբաթներ առաջ խզվել են, հիշյալ տեխնիկատրանսպորտային միջոցներն ամբողջովին վերադարձվել են ՀԷՑ-ին (ընդ որում՝ դրանց մի զգալի մասն անսարք և անմխիթար վիճակում), իսկ տվյալ սուբյեկտներին ՀԷՑ-ի կողմից վճարման հաշիվներ են ներկայացվել՝ մարելու գոյացած պարտավորությունները։
Նշված գումարից այս պահին մարվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ պարտավորություն։
Նշեմ նաև, որ ՀԷՑ-ի կենտրոնական ավտոպարկում և ենթակա մասնաճյուղերի ավտոտնտեսություններում այս պահին առկա են ավելի քան 600 ավտոտրանսպորտ և հատուկ տեխնիկա, որոնցից սակայն շուրջ 200-ը պիտանի չէ հետագա շահագործման համար և գտնվում է բացարձակ հնամաշ, անսարք և «փաստացի խոտանված» վիճակում. դրանք ենթակա են հետագա դուրսգրման և հաշվապահորեն խոտանման ենթարկվելու։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։