Ազատի հրդեհի գործի քննությունն անցնում է շատ լարված մթնոլորտում
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատալսումն անցնում է թեժ մթնոլորտում. 15 ժամկետային զինծառայողների ծնողները զորամասի հոգեբան-սպա Վահագն Ներսիսյանի՝ դատարանում տրված ցուցմունքի և իրենց ասված նախնական խոսքի մեջ անհամաձայնություն են տեսնում։
Իրավիճակը լարվել է, երբ Վահագն Ներսիսյանը, պատասխանելով հրդեհից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանի մասին հարցերին` ասել է, թե ամենասկզբում իր իսկ վարկածն է եղել, որ նա դռնով է դուրս եկել։
«Զորամասում արդեն հետո քննարկել ենք գլոբալ ու իմացել ենք, որ Գարուշը դուրս է եկել պատուհանից»,- ասել է նա։
Ծնողները բարկացան ու տեղից դիմելով վկային` ասացին, թե դեպքից հետո իրենց ասել էր` Գարուշ Սարգսյանն է իրեն պատմել, թե ինչպես է փրկվել, իսկ հիմա ասում է նախաքննության վարկածը։
«Դու ինձ չե՞ս ասել, որ քեզ Գարուշն է ասել, որ «բուշլաթը» գցել է վրան ու դուրս եկել դռնից։ Հարցրել եմ՝ որ պետք է լինի, կասե՞ս դատարանում, ասել ես «դաժե» վատ բառով, թե չասողը...»,- ասել է ծնողներից մեկը։
Սակայն վկան մինչև վերջ պնդել է, որ այդ տեղեկությունն ինքը չի ասել, իսկ որ Գարուշ Սարգսյանը դուրս է եկել դռնով, զուտ իր անձնական կարծիքն է եղել՝ ելնելով իրավիճակից։ Զորամասի հոգեբանը պատմել է, որ ինժեներասակրավորների վաշտի զինվորների հետ մշտապես շփվել է, ճանաչել է բոլորին, նրանցից որևէ մեկի մոտ տրամադրության խանգարում չի հայտնաբերել, ավելին` նրանց համարել է հոգեբանորեն շատ ուժեղ։
«Գագիկ Բարսեղյանը (հրդեհից մահացած զինծառայողներից մեկը) իմ համագյուղացին էր, այդ երեխան աչքիս դիմաց է մեծացել, բայց նա ո՛չ սպաների ու զինվորների փոխհարաբերությունների լարվածության, ո՛չ էլ հնարավոր բռնության մասին ոչինչ չի պատմել»,- նշել է Վահագն Ներսիսյանը։
Վկայի ցուցմունքին հաջորդեցին որոշ ծնողների հայհոյանքները։ Մինչ այդ էլ զինծառայողների ծնողները բարկացան դատախազի հարցադրումններից և հայտարարեցին, թե «հարց է տալիս հարց տալու համար, ծեծված հարցեր են»։
Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքել է վկայի ցուցմունքին՝ ասելով, թե նա անպատասխանատու հայտարարություն է արել։
«Չե՞ք մտածել՝ կարող է ճակատագրական լինել ծնողների համար։ Ինչո՞ւ պետք է հիմա Ձեր խոսքն ավելի արժանահավատ համարի դատարանը, քան դեպքի սկզբնական փուլում, որ ասել եք ծնողներին, մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հորը՝ Արման Բարսեղյանին»,- նշել է Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։ Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով․ Hraparak
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց․ Սամվել Կարապետյան
Դատարանի բակում լրագրողի այն հարցին «Պարոն Կարապետյան վերջին դատական նիստին կրկին այս վայրից հայտարարեցիք, որ եթե սահման...
Ինչպե՞ս է Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած այցին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացասաբար է արձագանքել Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած այցին։ «Պուտինի քա...
ՌԴ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին. ռուս-ուկրաինական բախումներն՝ այսօր
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավ...