Եվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:


Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցել է, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն, Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայցուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:


Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:

Քաղաքականություն