
Փաշինյանը համոզված է` 2026 թվականին կապացուցի, որ խաղաղությունը հաստատված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` 2026 թվականին կկարողանա ապացուցել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է։ Նա այդ մասին ասել է Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ`անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` խաղաղության գաղափարախոսությանը հակասող հայտարարություններին։
«Մենք էլ, Ադրբեջանն էլ խոսում ենք խաղաղության մասին, ուղղակի հարակից թեմաների հետ կապված կան տարընթերցումներ։ Բազմաթիվ մարդիկ թե՛ ՀՀ–ում, թե՛ երկրից դուրս ամեն կերպ փորձում են ապացուցել, որ սա խաղաղություն չէ, սա փուչ հայտարարություն է…Ես ասում եմ` մենք կփորձենք ապացուցել հակառակը… Թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը»,– հայտարարել է Փաշինյանը։
Նա վստահ է, որ այս հարցում իրեն կօժանդակեն ՀՀ քաղաքացիները 2026 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի»։