Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ Անդրեասյան

Ներկայում աշխատանքներ են իրականացվում հանրապետական նշանակության 3 նոր ստադիոններ ունենալու ուղղությամբ։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ուղղությամբ, որտեղ պետք է ՈւԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան պայմաններ ձևավորվեն։ «Ակադեմիական քաղաքի» շրջանակներում էլ նախատեսվում է ունենալ Ազգային մարզադաշտ:


Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արդեն հետաքրքրված ներդրողներ կան, ուստի հույս ունեն, որ շուտով այստեղ տեղաշարժ կլինի։


«Սա հնարավորություն կտա մինչև 35 հազար տեղանոց ստադիոն ունենալ և այստեղ նաև հյուրընկալել միջազգային նշանակության խաղեր»,- նշեց նա։


Նրա խոսքով՝ մասնավորի կողմից առաջարկ կա նաև հավելյալ մարզադաշտ ունենալ Վաղարշապատում, այս մասով առաջիկա շաբաթներին սպասվում է նաև գործադիրի համապատասխան որոշումը։


Ինչ վերաբերում է «Հրազդան» մարզադաշտին, ըստ Անդրեասյանի՝ իրավիճակն առավել բարդ է, որովհետև նաև սեփականության հարց կա. այն մասնավորին է պատկանում, և հիմա իրավական գործըթնացների շրջանակներում որոշ քննարկումներ ընթանում են։

Քաղաքականություն