
Դուք ազատ եք ձեր դիրքորոշումներում․ Բաղդասարյանը պատասխանել է Ագնեսա Խամոյանին

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է առաջադրվել Նելլի Բաղդասարյանը: Նրա թեկնածությունն Ազգային ժողովի՝ այսօրվա նիստին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը:
Թեկնածուն իր ելույթի ժամանակ ներկայացրեց, թե ինչու է հավակնում ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործեր քննող դատավորի պաշտոնում: Նա հիշեցրեց, որ ունի 30 տարվա պրակտիկ իրավաբանի աշխատանքային փորձ, առիթ է ունեցել քննելու բազմաթիվ և բազմաբնույթ քրեական գործեր և այլն:
«Գիտակցում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատանքը բարդ է, միաժամանակ պատասխանատու աշխատանք է, սակայն վստահաբար հայտարարում եմ, որ իմ՝ որպես բացառապես քրեական գործեր քննող դատավորի բազմամյա փորձն արդյունավետ կարող եմ օգտագործել օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո ծագած նախադեպային իրավունքի զարգացման խիստ կարևոր գործընթացում»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ ինչպես են դատավորները անկախ, երբ երկրի վարչապետը կոչ է անում իշխանության մյուս ճյուղի՝ դատարանի մուտքերը և ելքերն արգելափակել, և այս համատեքստում հետաքրքրվեց՝ Նելլի Բաղդասարյանն այդ օրն աշխատանքի գնացե՞լ է, թե՞ չի գնացել:
«Դատավորներն իրոք անկախ են, ղեկավարվում են օրենքներով և իրենց ներքին համոզմամբ: Դուք՝ որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչ, ազատ եք ձեր դիրքորոշումներում, ձեր հարցադրումներում, մինչդեռ ես պարտավոր եմ մնալ իմ վարքագծի կանոնների շրջանում: Այդպիսին է դատավորի կարգավիճակը: Այո՛, ես այդ օրը կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունը, հաճախել եմ աշխատանքի»,- նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի և Արմեն Դիլանյանի ընտրության հարցը: