
Թուրքիան ծրագրում է երկու դպրոց բացել Սիրիայում

Թուրքիան ծրագրում է երկու դպրոց բացել Դամասկոսում և Հալեպում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի և Սիրիայի պաշտոնյաներն առաջին հերթին կհեռացնեն հակաթուրքական արտահայտությունները Բաշար Ասադի ժամանակներից մնացած դպրոցական դասագրքերից։ Հատուկ ուշադրություն կդարձվի պատմության և աշխարհագրության դասագրքերին, կմշակվի դպրոցական նոր ծրագիր», - գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ թուրք մանկավարժները կներգրավվեն Թուրքիայից հայրենիք վերադարձած և արաբերենին թույլ տիրապետող սիրիացի երեխաների ուսուցմանը: Նման երեխաների համար նոր ուսումնական կենտրոններ կստեղծվեն առաջին հերթին այն շրջաններում, որտեղ վերջերս վերադարձած երեխաների մեծ թիվ է արձանագրվել։
«Նախատեսվում է երկու թուրքական դպրոց բացել Հալեպում և Դամասկոսում։ Սիրիացի մասնագետները կվերապատրաստվեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում։ Կրթության նախարար Յուսուֆ Թեքինը Դամասկոս կատարած վերջին այցի ընթացքում սահմանել է այդ նախագծի ճանապարհային քարտեզը», - հայտնել է հեռուստաալիքը։