
26 երկիր պարտավորվել է զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն

26 երկիր պարտավորվել է զինադադարից հետո զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Այսօր 26 երկիր պաշտոնապես պարտավորվել է անվտանգության ապահովման համար զորքեր տեղակայել Ուկրաինայում կամ ունենալ ցամաքային, օդային և ծովային ներկայություն՝ հրադադարից կամ խաղաղության հաստատումից անմիջապես հետո ապահովելու ուկրաինական տարածքների և Ուկրաինայի անվտանգությունը»,-ասել է նա Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Մակրոնը նաև հայտարարել է, որ կոալիցիան առաջիկա օրերին կհամաձայնեցնի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու մասին որոշումը: