Ժպտացող լուսանկարների հետևում «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր․ Օսկանյան

 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է․ 


«Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների իրական գինը Լեռնային Ղարաբաղի կորուստն է և 150 հազար մարդու բռնի տեղահանումը։ Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա իբր կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։ Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։ Ժպտացող լուսանկարների հետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150 000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։ Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ»,– գրել է Օսկանյանը ֆեյսբուքյան էջում։


Հիշեցնենք` օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին՝ ի պատասխան նրա, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը:


Հայաստանի ԱԳՆ-ն հստակ չի հաստատել լուրը։ 

Քաղաքականություն

Պատահարներ