Ինչ կարգավիճակով է ԱԳ նախարարը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ սեփական անտեղյակությունն ու անգործությունը թաքցրեց ագրեսիայի հետևում, սակայն նրա ղեկավարած ոլորտի բացթողումներն ու ձախողումները չեն վրիպում հասարակության աչքից։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել են շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, այդ մասին հայտնել էր նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանին։


Դեմոյանը հաղորդում էր տվել, ապա հարցաքննվել իր իսկ հարուցած վարույթի շրջանակում։


Օգոստոսի 27-ին Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, թե որպես նախարար ինչ է անում 19 կտոր արժեքավոր գրքերը վերականգնելու համար, նախարարը նշեց, թե անտեղյակ է, չի մեկնաբանում նախաքննություններ․  գործի վերաբերյալ ոչինչ չկարողացավ ասել։


ՀՀ Քննչական կոմիտեից օրաթերթին ըստ էության պատասխան չեն տվել»,-գրում է օրաթերթը։ 


««Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցած առերևույթ գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում նախաձեռնվել և քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, այդ թվում նշանակվել է դատաապրանքագիտական և դատամշակութաբանական համալիր փորձաքննություն և իրավական փոխօգնության խնդրանքով վարույթ իրականացնող մարմինը դիմել է արտասահմանյան գործընկերներին։


Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ քննության ընթացքում հարցաքննված անձանց տվյալները, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն հանդիսանում է նախաքննական գաղտնիք։


Քրեական վարույթով քննության ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա», – ասվում է օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Քաղաքականություն