
Անհեթեթ են. Ռուսաստանը Իսրայելին հետախուզական տվյալներ չի տրամադրել. Զախարովա

Հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Թեհրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ, բացարձակապես անհեթեթ են և ուղղված են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խաթարմանը։ Այս մասին այսօր անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Սեյեդ Մոհամմադ Սադրը Seenergyir ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իբր Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ: Պաշտոնյայի խոսքով՝ իրանա-իսրայելական հունիսյան զինված դիմակայությունը «ցույց տվեց, որ Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքն անօգուտ է»:
Զախարովան նշեց, որ այդ հայտարարությունները հերքել է նաև իրանական կողմը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ նման հերյուրանքներ պարբերաբար տարածվում են, և որ դրանց հայտնվելու և տարածման փաստն արժանի է Թեհրանի կողմից սկզբունքային գնահատականի: