
Ադրբեջանի հերթական մեղադրանքն Իրանին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարություններն Ադրբեջանում իրանական ծագում ունեցող բանտարկյալների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին որևէ հիմք չունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարություններն Ադրբեջանում բանտարկված Իրանի քաղաքացիների վերաբերյալ։
Այխան Հաջիզադեի խոսքով՝ 1963 թվականի Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթների համաձայն՝ իրանական կողմին տրամադրվել է Ադրբեջանում ձերբակալված և բանտարկված Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն.
«Ադրբեջանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի Իսլամական Հանրապետության դատապարտված և կալանավորված քաղաքացիների իրավունքներն, օրինական շահերը և անձնական անվտանգությունը պաշտպանված են, և նրանք ապահովված են անհրաժեշտ նյութական և կենսապայմաններով։ Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դատապարտված և կալանավորված անձինք իրավունք ունեն հեռախոսային կապի, ծանրոցներ ստանալու, ընտանիքի անդամների հետ հանդիպելու և հեռախոսով շփվելու: Որոշ քրեակատարողական հիմնարկներում հնարավորություն է ստեղծվել Իրանի քաղաքացիների համար տեսակապի միջոցով հանդիպումներ ունենալ հարազատների հետ: Չնայած՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, կալանքի տակ գտնվող և ազատազրկված մեր քաղաքացիների մասին տեղեկատվությունը չի տրամադրվում Իրանում Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին: Շատ դեպքերում մեր քաղաքացիներին թույլ չի տրվում հանդիպել Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ և հեռախոսային կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև ներկայացնել պատժի մնացած մասի՝ Ադրբեջանի Հանրապետությունում կրելու համար փոխանցման վերաբերյալ միջնորդություններ։
Բացի այդ, համապատասխան հարցումներին հակառակ, ադրբեջանական կողմին տեղեկատվություն չի տրամադրվում Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների գործերով անցկացված դատական նիստերի, ինչպես նաև այդ լսումների ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ: Մեր երկիրը միշտ կողմ է եղել նման հարցերը քննարկելուն առանց քաղաքականացման, երկկողմանի հիմքերով և դիվանագիտական ուղիներով», - ընդգծել է արտգործնախարարության ներկայացուցիչը: