
ArCa-ն կրկին խափանվել է․ վարկերի մարման անհնարինության դեպքում ԿԲ-ն հորդորում է բանկերին դիմել․ Հետք

Վերջին շաբաթում արդեն երկրորդ անգամ է՝ ArCa («ԱրՔա») վճարային համակարգը խափանվում է։ Դրա հետևանքով Հայաստանում անկանխիկ գործարքներ անել հնարավոր չէ։ Բազմաթիվ տնտեսվարողներ՝ սկսած սննդի կետերից մինչև խանութներ, ծառայություններ մատուցողներ, չեն կարողանում վճարումներ ընդունել։ Քաղաքացիները, որոնց Կառավարությունն ու Կենտրոնական բանկը իրենց ընդունած օրենքներով և ռազմավարությամբ հորդորում են կանխիկ գործարքներից անցնել անկանխիկին, փաստի առաջ են կանգնել: Թե երբ կվերականգնվեն ArCa-ի աշխատանքները, ընկերությունից չեն հստակեցնում։
«Համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած ArCa համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերն, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- հայտարարում են ArCa վճարային համակարգից՝ շնորհակալություն հայտնելով ըմբռնման և համբերատարության համար։
Համակարգի մասնակիցներն են այն հայկական բանկերը, որոնք ակտիվորեն ներգրավված են քարտային վճարային գործառնություններում։ Համակարգում թողարկվում են ազգային ArCa քարտեր։ Բացի այդ, համակարգը գործում է որպես պրոցեսինգի և քլիրինգի կենտրոն՝ սպասարկելով տեղական գործարքները ոչ միայն ArCa քարտերով, այլև միջազգային քարտերով, ինչպիսիք են VISA, MasterCard, American Express, Diners Club և այլն։
Կենտրոնական բանկը հորդորում է վարկերի մարման խնդիրների առաջացման պարագայում քննարկել բանկերի հետ։ ArCa-ի խափանման պատճառով քաղաքացիները ոչ միայն չեն կարողանում անկանխիկ վճարումներ և դրամական փոխանցումներ անել, այլև՝ բանկինգների միջոցով վարկեր վճարել։
«Համակարգում առկա խնդիրների պատճառով քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների մարման անհնարինության դեպքերի առկայության դեպքում քաղաքացիները կարող են դրանք քննել իրենց սպասարկող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Կենտրոնական բանկից։
Վստահեցնում են, որ ֆինանսական համակարգը սպասարկող այլ ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն հունով, միջբանկային ծառայությունների մատուցման ընդհատում չի արձանագրվել: