«Մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է. Փաշինյան
Փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ, իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը՝ նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 19–ին, Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչո՞ւ։ Առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով, որովհետև եկեղեցու ծառաները՝ ամենանվիրված և հավատարիմ ծառաները, պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին և պետք է «ամուսնանան» եկեղեցու հետ և ոչ որևէ այլ բանի մեջ», – նշել է նա։
Ըստ նրա՝ հենց այս նվիրապետության շնորհիվ է նաև որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական գաղափարախոսական և նյութական անվտանգությունն այդ թվում:
«Այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև Ամենայն հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու գույքի տերն է երկրի վրա: Եթե Կաթողիկոսն ունի ժառանգներ այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական ուխտը:
Այսօր մենք հետևյալ պատկերն ունենք՝ «մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, էն մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է և այսպես շարունակ: Հայ Առաքելական Եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և մենք ոչ թե եկեղեցու դեմ են պայքարում, այլ՝ եկեղեցու նվիրապետության համար»,–ասել է նա։