Արձանագրվել է հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ.ԿԲ նախագահ

2024 թվականին բյուջեի պակասուրդը, թեև գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է եղել 24 թվականի բյուջեում նախատեսված ցուցանիշից։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ հանձնաժողովներում 2024–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։


«Այսպես, 2024 թվականին պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 3.7% ծրագրավորված 4.6-ի և 2023 թվականի 2%-ի դիմաց։ Միևնույն ժամանակ բյուջեի կատարումն ուղեկցվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ և տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդը մշտապես ցածր է եղել կապիտալ ծախսերից։


2024 թվականին, ինչպես և նախորդ տարի, պակասուրդի մեծ մասը 95.5%-ը ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին, միաժամանակ արձանագրելով արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ծրագրավորվածի համեմատ ավելի ցածր շեղման մակարդակ։ Հատկանշական է, որ 2024 թվականի ընթացքում որոշակի նվազել են բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծախսերը, պայմանավորված դրամավարկային քաղաքականության աստիճանաբար մեղմման արդյունքում պետական պարտատոմսերի տոկոսների նվազմամբ։ Արդյունքում 2024 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում կրել է չեզոք բնույթ։


Այս առումով հարկ է նշել, որ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող հարկաբյուջետային խնդիրները, ինչպես նաև կապիտալ ծախսերի ծրագրերի իրականացման ուղղությամբ դեռևս պահպանվող թերակատարումները, որոշակի անորոշություններ և ռիսկեր են պարունակել տնտեսության հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտ դիրքի ապահովման տեսանկյունից։


Կառավարության պարտքի բեռը 2024 թվականին պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում և կազմել է 48.3%։


Նշենք նաև որ կառավարության պարտքի բեռը ցածր է եղել 2022-2026 թվականների պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված ցուցանիշից։ Արդյունքում կարելի է արձանագրել որ 24 թվականին տնտեսության ներուժի ավելացմանն ուղղված պետական ներդրումային ծրագրերի իրականացմանը զուգահեռ պետական պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաև բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք և արդյունավետ ռազմավարության կիրառումը կարևոր նախապայման են հարկաբյուջետային քաղաքականության ճկունության, տնտեսության միջնաժամկետ աճին ուղղված ծրագրերի շարունակականության, ինչպես նաև պարտքի սպասարկման հեռանկարների բարելավման համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորման տեսանկյունից»,– ասաց նա։