Նավթն աշխարհում էժանանում է, իսկ բենզինի գինը ՀՀ–ում չի փոխվում․ որն է պատճառը

Հայաստանում վառելիքի գները շատ դանդաղ են իջնում, բայց շատ արագ բարձրանում են, քանի որ շուկայում գործում են գերիշխող դիրք ունեցող մի քանի ընկերություններ, որոնք, ըստ էության, ղեկավարում կամ վերահսկում են ամբողջ շուկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով համաշխարհային շուկայում նավթի գների անկումն ու հայաստանյան շուկայում բենզինի չնվազող գները։


Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են` հասնելով 1 բարելի դիմաց 65 դոլարի։ Մինչդեռ հայաստանյան շուկան այս փոփոխություններին որևէ կերպ չի արձագանքում։ ՀՀ–ի լցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը վերջին 1 ամսում 480-490 դրամ է, «Պրեմիում» տեսակինը` 500-510 դրամ։ Համեմատության համար նշենք, որ բենզինի այսօրվա գները համադրելի են 2022թ–ի հունվարյան գներին, երբ նավթի համաշխարհային գինը 1 բարելի դիմաց 91 դոլար էր, իսկ դոլարի փոխարժեքը այդ նույն ժամանակահատվածում, ըստ ՀՀ ԿԲ–ի արխիվային տվյալների, մոտ 482 դրամ (այսօր 1 դոլարի փոխարժեքը, ըստ ԿԲ–ի, 390.68 դրամ է):


«Ներկրողները վերահսկում են նաև մանրածախ առևտուրը` գնային քաղաքականություն թելադրելով նաև մանրածախ առևտրի ոլորտում»,– ասել է Պարսյանը` հավելելով, որ այս իրավիճակում պատահական չէ, որ համաշխարհային շուկայում թանկացմանը կամ դոլարի փոխարժեքի բարձրացմանը տեղական շուկան շատ արագ արձագանքում է, մինչդեռ էժանացմանը` ոչ։


Նա իրավիճակի օբյեկտիվ պատճառ է համարում տրանսպորտային և լոգիստիկ ծախսերի ավելացումը ՀՀ ներկրվող ապրանքների, այդ թվում` բենզինի համար։ Մյուս կողմից, տնտեսագետի խոսքով, ներկրողներն իրենց համար որոշակի «անվտանգության բարձիկներ» են ստեղծում փոխարժեքի հնարավոր տատանումներից ապահովագրվելու համար։


Ինչ վերաբերում է ապագայի վերաբերյալ կանխատեսումներին, այս հարցում ոչ միայն Պարսյանը, այլև միջազգային փորձագետներն ու վերլուծաբանները մատնանշում են աշխարհաքաղաքական սպասվող իրադարձությունների հնարավոր ազդեցությունը նավթի համաշխարհային գների վրա։


Եթե ԱՄՆ– Իրան բանակցությունները որոշակի դրական ազդակներ հաղորդեցին համաշխարհային տնտեսությանը, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսային նոր դրույքաչափերը որոշակի անհանգստություններ են առաջացրել, որոնց արդյունքում նվազել է համաշխարհային տնտեսական ակտիվությունը, ներդրումները, ինչն էլ հանգեցրել է նավթի նկատմամբ պահանջարկի անկման և, որպես հետևանք, նավթի գների անկման։


«Եթե շարունակվի Թրամփի բանակցային գործընթացը, և տարբեր երկրների հետ մաքսային դրույքաչափերը վերանայվեն, այդ դեպքում նավթի գները դարձյալ կարող են բարձրանալ»,– ենթադրում է Պարսյանը։


Հայաստանյան շուկայում բենզինի գինը, նրա համոզմամբ, հիմնականում կախված է լինելու շուկայի`գերիշխող դիրք զբաղեցնող խաղացողներից ու մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործողություններից։


«Կարծում եմ` հնարավոր է, որ մեր տնտեսվարողները, որոշ գործոններ հաշվի առնելով, գների որոշակի վերանայումներ անեն։ Բայց չմոռանանք, որ այլ գործոններ էլ կարող են ի հայտ գալ։ Օրինակ` հենց վաղը փոխարժեքը կարող է բարձրանալ, ու նրանք չվերանայեն բենզինի գինը։ Այսինքն` նրանց վարքագծի վրա այլ գործոններ էլ են ազդում։ Եվ այս պահին հնարավոր չէ միանշանակ կանխատեսումներ անել»,– ասել է տնտեսագետը։