
Ինչպես է հնարավոր ՀՀ–ից ձկան արտահանումը ԵՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ճշտում է` արդյոք հայ արտահանողները կկարողանան ձուկ արտահանել ԵՄ երկրներ առանց կրկնակի հավաստագրման (միայն հայկական հավաստագրում ունենալով):
Տեսչությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հայտնում է, որ դիմել է Եվրոպայի գործընկերներին, որպեսզի պարզի, թե TRACES համակարգում գրանցված արտահանողի համար միայն հայկական հավաստագրումը բավարար է արդյոք ապրանք մատակարարելու համար՝ առանց եվրոպական հավաստագրում անցնելու։
Հարցին, թե արդյոք ԵՄ տեսչական մարմինների ներկայացուցիչները կարող են Հայաստանի ձկնաբուծարաններ այցեր պահանջել, տեսչությունը պատասխանել է, որ նման այցեր հնարավոր են, եթե ԵՄ համապատասխան մարմինները նախապես դիմեն հայկական կողմին, ներկայացնեն այցի նպատակը և քննարկվող հարցերի շրջանակը:
Հիմնական ստուգումները պետք է իրականացնի հենց տեսչությունը, սակայն ԵՄ չափանիշների համաձայն՝ ստուգում անցած ընկերությունները պետք է հայտ ներկայացնեն TRACES համակարգում գրանցվելու համար։ Պայմաններից մեկն այն է, որ ձկան կերերը, որոնք օգտագործվում են ձկնաբուծության մեջ, չպետք է պարունակեն հակաբիոտիկներ և հորմոնալ հավելումներ:
Հիշեցնենք՝ վերջերս տեսչությունը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն թույլատրել է Հայաստանից ձկան ներկրումը այն արտադրողների համար, որոնք կգրանցվեն Եվրամիության TRACES տվյալների բազայում (կենդանական ծագման արտադրանքի ոլորտային բազա):