
Այդ պայմանգիրը առաջին իսկ օրվանից անվավեր կլինի․ Բայրամով

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանի շուրջ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանավեճի են բռնել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը։
Բայրամովն հակտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության հարցում հայ պաշտոնակցի բերած հիմնավորումները չեն փարատում իրենց մտահոգությունները։
«Հայաստանի անկախության մասին հռչակագրում խոսք է գնում այն մասին, որ Ադրբեջանի տարածքի մի մասը վերամիավորվում է Հայաստանի Հանրապետության հետ, և Հայաստանի Սահմանադրությունը հղում է կատարում այս հռչակագրին: Վերջին 30 տարիների ընթացքում սրա հիման վրա ստորին մակարդակում բազմաթիվ իրավական ակտեր են ընդունվել։ Այո, խաղաղության համաձայնագիրը լուծում է բազմաթիվ հարցեր, բայց հայտնի փաստ է՝ միջազգային ինչ պարտավորություն էլ ամրագրվի խաղաղության պայմանագրում, այն ավելի բարձր իրավական ուժ ունի ներքին օրենսդրությունից՝ բացառությամբ երկրի Սահմանադրության ու հանրաքվեով ընդունված ակտերի։ Եթե մենք փորձում ենք պարզեցնել իրավիճակը և կենտրոնանալ միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ առանց Սահմանադրության հարցում եղած խնդիրը լուծելու, ապա այդ պայմանագիրն առաջին իսկ օրվանից անվավեր կլինի, քանի որ այն կհակասի երկրի մայր օրենքին։ Եթե դիտարկենք հարցը ռազմավարական և քաղաքական տեսանկյունից, ապա այստեղ կարևոր է նաև հաշվի առնել հայ ժողովրդի, հայ հասարակության մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցում: Արդյո՞ք բնակչությունը պատրաստ է վերջ դնել հարևանների նկատմամն տարածքային պահանջներին, թե՞ ոչ: Ընդ որում, ասածիս մեջ արտառոց ոչինչ չկա։ Նույնիսկ Եվրոպայում եղել են դեպքեր, երբ հարևան երկրների հետ նմանատիպ խնդիրների պատճառով որոշ երկրներ հանրաքվեի են գնացել և փոփոխություններ են կատարել իրենց սահմանադրություններում: Այնպես որ, Ադրբեջանն այս հարցում արտառոց կամ առավելապաշտպան դիրքորոշում չունի:
Նախարար Միրզոյանի մյուս փաստարկն այն մասին, որ իրենք էլ մեր Սահմանադրության վերաբերյալ մտահոգություններ ունեն, չի արտացոլում իրականությունը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում, և կարծում եմ, որ մեր հայ գործընկերը շատ լավ գիտակցում են դա։ Հակառակ դեպքում նրանք անպայման կբարձրացնեին այս հարցը, քանի որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի իրավական համակարգերը նույնն են՝ չես կարող միջազգային պայմանագրեր կնքել, եթե դրանք հակասում են երկրի սահմանադրությանը: Ես չեմ կարծում, որ մեր հայ գործընկերները անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, և այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել այն։ Եթե համարում ես, որ մեկ այլ երկրի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան քո երկրի նկատմամբ, այդ դեպքում միայն ձևացնում ես, թե խաղաղության պայմանագիրը կնքելով լուծում է տրվելու եղած խնդիրներին։ Այդ հարցը բաց է մնալու, քանի որ միջազգային որևէ համաձայնագիր չի կարող վերացնել քո սահմանադրության մեջ առկա խոչընդոտը»,- հայտարարեց Բայրամովը։
Քննարկման մոդերատորն այդ պահին հարցրեց Միրզոյանին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը դիտարկում է Սահմանադրությունում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, եթե անգամ այդ քայլը չողջունվի երկրի ներսում։
Միրզոյանը հակադարձեց Բայրամովին՝ բերելով այլ փաստարկներ։
«Մեր Սահմանադրության նախաբանում կա հղում մեր անկախության հռչակագրի ակտին, բայց իրավական առումով միայն մեր անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն իրավական նշանակություն և պարտադիր են, որոնք բառացիորեն մեջբերվում են Սահմանադրության տեքստում։ Այդ նախադասությունը, որի վերաբերյալ մեր Ադրբեջանի գործընկերները մտահոգություններ ունեն, մեր Սահմանադրությունում չի մեջբերվում։ Կա միայն ընդհանուր հղում անկախության հռչակագրին։ Կա միայն մեկ մարմին, որն իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, և դա ՀՀ Սահմանադրական դատարանն է։ Անցյալ տարվա սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց, որ սահմանազատումը տեղի է ունենում հռչակագրի հիման վրա, որն ասում է, որ մեր սահմանները նույն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։ Սա նշանակում է, որ մենք այդ սահմաններից դուրս պահանջներ չունենք։ Այս սկզբունքը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը։ Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը, վավերացման գործընթացի շրջանակներում այս համաձայնագիրը կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե մեր սահմանադրական դատարանը կրկին ասի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, ապա անհրաժեշտ չէ որևէ այլ ապացույց, որ հարցը լուծված է։ Եթե տեսականորեն մեր սահմանադրական դատարանն այլ բան ասի, դա կլինի այլ իրավիճակ։ Մենք կվերադառնանք ձեզ և կքննարկենք այլ հնարավորություններ։ Բայց կրկին, դա քաղաքական կամքի հարց է. մենք խաղաղություն ենք կառուցում, թե՞ փակում ենք գները՝ մտահոգություններ ունենալով»,- ասաց Միրզոյանը։