Նոր ընթացակարգ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վերաբերյալ

Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։


Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:


Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։


Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով:


Այսպիսով, պետական նպաստը նշանակվում և վճարվում էր գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային էր։ Բացի դրանից, գործում էր առանձին ընթացակարգ՝ գործատուի ծախսերը փոխհատուցելու համար:


Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում:


Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:


Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։