
Սա հենց այն է, ինչ արդար է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն կատարած այցի ընթացքում քննարկել է «անվտանգության հուսալի երաշխիքները» Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտնում է dw.com-ը:
«Մեր բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք այսօր Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները, գործընկերների հետ համակարգումը, կոնկրետ քայլերն Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու, պատերազմն արդար խաղաղությամբ, անվտանգության հուսալի երաշխիքներով ավարտելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։
Ուկրաինական պետության ղեկավարը հանդիպումը որակել է «կարևոր և ջերմ»։
Սթարմերն ընդունել է Զելենսկիին իր նստավայրում և վստահեցրել նրան Ուկրաինայի աջակցության հարցում։
«Դուք ունեք Մեծ Բրիտանիայի լիակատար աջակցությունը, քանի դեռ դրա պահանջը կա: Ուկրաինայի ինքնիշխանության և անվտանգության վրա հիմնված կայուն խաղաղությունը կարևոր է Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Թագավորության համար», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ժողովրդին և Սթարմերին՝ աջակցության, մարտի 2-ին թագավոր Չառլզ III-ի հետ հանդիպելու հրավերի և Լոնդոնում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը կազմակերպելու համար։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր Ռեյչել Ռիվզը և Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն նույն օրը ստորագրել են 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի (2,74 միլիարդ եվրո) վարկային պայմանագիր՝ ուկրաինական բանակին աջակցելու համար։
Լոնդոնը դա անվանել է «ուկրաինացի ժողովրդի անսասան և մշտական աջակցության» ապացույց։ Վարկը պետք է մարվի՝ օգտագործելով առգրավված ռուսական ակտիվներից ստացված շահույթը: Այս մասին հայտնում է AFP-ն:
Զելենսկու խոսքով՝ խոսքը Կիևի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար վարկի մասին է։
«Գումարը կօգտագործվի Ուկրաինայում զենքի արտադրության համար: Սա հենց այն է, ինչ արդար է. պատերազմը սկսողը պետք է վճարի»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները։
«Մենք ուրախ ենք, որ ունենք նման ռազմավարական գործընկերներ և նույն տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի վստահությունն ապագայի նկատմամբ բոլորի համար»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
Մարտի 2-ին Լոնդոնում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին, բացի Սթարմերից ու Զելենսկիից, կմասնակցեն մոտ 10 եվրոպացի առաջնորդներ։ Նրանց թվում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: