«Չենք հանդուրժի նման վերաբերմունք»․ դիվանագիտական սկանդալ` Իրանի և ՌԴ-ի միջև
Իրանը բողոք է ներկայացրել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։
Հիշեցնենք, որ երեկ երկու իրանցի ուսանող Կազանի դաշնային համալսարանի վիզաների երկարաձգման կենտրոնում ձերբակալվել և դաժան ծեծի են ենթարկվել ռուս իրավապահների կողմից։ Այս մասին հայտնել էր IRNA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը։
Իրանն էլ բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ դատապարտելով «ոստիկանության կողմից իրանցի ուսանողների նկատմամբ բռնի վերաբերմունքը»։
Պաշտոնական Թեհրանը Մոսկվայից բացատրություններ է պահանջել կատարվածի վերաբերյալ։
Կազանում Իրանի գլխավոր հյուպատոս Դավուդ Միրզախանին արձագանքել է ոստիկանության կողմից իրանցի ուսանողների ծեծին և ձերբակալությանը:
Կազանի դաշնային համալսարանի գլխավոր շենքում դիմելով բողոքող իրանցի ուսանողներին՝ նա հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի նման վերաբերմունք մեր ուսանողների նկատմամբ։ Արտերկրում սովորող Իրանի քաղաքացիները հարգանքի և արդար վերաբերմունքի իրավունք ունեն: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր ուսանողների իրավունքները լիովին պաշտպանված լինեն»:
«Ռուսաստանի ոստիկանությունը շփոթում է Իրանի ժողովրդին այլ ժողովուրդների հետ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ արտերկրում մեր ժողովրդի ներկայացուցիչների հետ որևէ մեկը վերաբերվի անմարդկային և անօրինական կերպով։ Դա պետք է պաշտոնապես պարզաբանվի, իսկ հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում», - հավելել է գլխավոր հյուպատոսը։
Նշվում է, որ ուսանողները երեկ երեկոյան Կազանում Իրանի հյուպատոսության միջամտությունից հետո ազատ են արձակվել։ Ռուսական կողմից նշում են, որ ձերբակալված օտարերկրացիները «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով են ձերբակալվել։