Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, որով Սարգսյանն արդարացվել է։


Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013թ․ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով 489 մլն 160 հազար դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ։


Գործը վերաբերում է վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։


Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։


Իսկ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը ևս արդարացվել են։


Նշենք, որ գործի վաղեմության ժամկետն անցել էր, ինչը ևս հիմք էր մեղադրական դատավճիռ չկայացնելու համար։

Պատահարներ