Մենք դեմ ենք այն ընկալմանը, որն ունի Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը. Աղազարյան
Ես անձամբ գտնում են, որ ամենաքիչը միայն Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել. Անգամ դրան եմ թերահավտությամբ, ոչ վստահությամբ նայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանության համար այս փուլում ցանկալի է ռուսական միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում:
«Ինքս, որպես պատգամավոր, որպես քաղաքացի բացառում եմ, որ միայն Ռուսաստանը կարող է լինել միջնորդ: Դա իմ անձնական տեսակետն է, ոչ թե թիմի, որ Ռուսաստանը լինի միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ որեւէ այլ մեկը չլինի, ես դա համարում եմ ոչ ճիշտ ու աննպատակահարմար, քանի որ ՌԴ-ն շատ դեպքերում հանդես է գալիս որպես կողմ:
Արեւմուտքը միայն Հայաստանի կողմը չի բռնում, ավելի օբյեկտիվ է, հետեւաբար, իրենց միջնորդությունն ավելի ընդունելի է, իսկ Ռուսաստանի միջնորդությունը սուբյեկտիվ է, որովհետեւ ինքը համարյա թե կողմ է: Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը սբոտաժի է ենթարկում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը, Աղազարյանն ասել է. «Ինչ-որ տեղ ծիծաղելի է խոսել մի փաստաթղթի մասին, որի որեւէ կետը կատարված չէ: Հիմա էլ չեն ուզում կատարել այնպես, ինչպես ընդունված է միջազգային նորմերով, պետությունների սուվերեն իրավունքների հիման վրա, այլ կերպ են ուզում անեն, մենք էլ, իբր, սաբոտաժ ենք անում: Մենք սաբոտաժ չենք անում, մենք դեմ ենք այն ընկալմանը, որն ունի Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը սահմանների ապաշրջափակման հարցում: Մենք դեմ ենք մեր տարածքների վրա մեր իրավունքների չնչին իսկ կորստին: Եթե Լավրովը, Պուտինը, Ալիեւը, Փաշինյանը, Էրդողանը, Վրաստանն ու Իրանը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ապա դա պետք է լինի միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե պետությունների ուժի ու հնարավորությունների հիման վրա»: