Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Պրոբացիայի ծառայությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Շահառու Առուշ Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից և տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության` ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է պատժից խուսափելու մասին արձանագրություն և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք` Առուշ Առուշանյանը 2021 թվականի հուլիսի 16-ին կալանավորվեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել էր մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
2022 թվականի մարտի 28-ին նա ազատ արձակվեց։