Ադրբեջանում գիտնականի են ձերբակալել, որը նամակագրություն է ունեցել հայերի հետ. մանրամասներ
Գիտնական-խաղաղարարին Ադրբեջանում ձերբակալել են հայրենիքի դավաճանության համար։ Նա նամակագրություն է ունեցել հայերի հետ:
Հայտնի ադրբեջանցի գիտնականին, որը Հայաստանի հետ խաղաղության կողմնակից է, ձերբակալել են պետական դավաճանության մեղադրանքով: Նա իշխանության տասնյակ քննադատներից մեկն է, որոնց արդեն մի քանի ամիս է բանտ են ուղարկում։ Փորձագետներն ասում են, որ այժմ երկրում բռնաճնշումներ են տեղի ունենում, որոնք աննախադեպ են Իլհամ Ալիևի կառավարման ողջ ընթացքում:
Պրահայի Կարլի համալսարանի քաղաքական հետազոտող և դոկտորական աստիճանի որակավորման մասնագետ Բահրուզ Սամեդովը ադրբեջանական իշխանության այն քիչ հայտնի հանրային քննադատներից է, որը գտնվել է Ադրբեջանում և ազատության մեջ: Այդպես էր մինչև երեկ երեկո։
Ընկերները չեն կարողացել երեկոյան կապի դուրս գալ Բահրուզի հետ, իսկ առավոտյան նրա հարազատներից իմացել են, որ տատիկի բնակարանում, որտեղ նա ապրում էր, խուզարկություն է կատարվել, եւ նրան ձերբակալել են: Այս մասին հայտնում է BBC News-ը
Իշխանությունները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել և չեն հաստատել գիտնականի ձերբակալությունը։ Նրա ընկերներից մեկը վրացական OC-Media պարբերականին պատմել է, որ Բահրուզն սպասում էր ձերբակալության եւ հաճախ կատակում էր, որ իրեն կդատեն դավաճանության համար։
Ինչպես «Թուրան» գործակալությանը հայտնել է նրա տատիկը՝ Զիբեյդան, ձերբակալությունից եւ խուզարկությունից հետո իրեն զանգահարել է Վաֆա անունով մի կին եւ ասել, որ ինքն իր փաստաբանն է եւ որ Սամեդովին մեղադրել են պետական դավաճանության մեջ, երբ նրա մոտ նամակագրություն են գտել հայերի հետ, որոնց «պատվերով» նա իբր Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ է գրել:
«Բահրուզը եղել և մնում է կարևոր ձայն ԶԼՄ-ների բանավեճերում և մեկնաբանություններում խաղաղության հարցում, և ես հույս ունեմ, որ նրան ազատ կարձակեն որքան հնարավոր է շուտ», - սոցցանցում գրել է Ղարաբաղյան հակամարտության բրիտանացի հետազոտող Լոուրենս Բրոերսը, որը լավ է ճանաչում Սամեդովին:
Ինքը՝ երիտասարդ գիտնականը, հայտնի է իր պացիֆիստական հայացքներով, ինչպես նաև որպես Հայաստանի հետ շուտափույթ խաղաղության համաձայնագրի կողմնակից, որի հետ Ադրբեջանը պատերազմի մեջ է արդեն ավելի քան 30 տարի:
Իրավապաշտպանները նկատում են, որ վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում Իլհամ Ալիևի իշխանության օրոք ամենամասշտաբային բռնաճնշումները:
Նրանց տվյալներով՝ երկրում այսօր ավելի քան 300 քաղբանտարկյալ կա, ինչը դեռ ոչ մի անգամ չի եղել նրա կառավարման 20 տարվա ընթացքում։
Բանտերում են հայտնվել տասնյակ լրագրողներ, որոնց սկսել են ձերբակալել անցյալ տարեվերջին՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։
Մի քանի անգամ երկարացրել են ձերբակալությունների ժամկետները, և այդ պատճառով ռեժիմի քննադատների շրջանում հույս էր մնում, որ, հնարավոր է, ինչ-որ կուլիսային բանակցություններ են ընթանում Արևմուտքի հետ և նրանց կարող են ազատ արձակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի նախաշեմին։
Բայց այս ամիս շատ լրագրողների համար նույնիսկ խստացրել են մեղադրանքը և նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Բանտ են ուղարկում նաև քաղաքական ակտիվիստներին, իրավապաշտպաններին և գիտնականներին։ Ապրիլին առողջական վիճակի պատճառով տնային կալանքի տակ էին թողել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հայտնի տնտեսագետ եւ գիտաշխատող Գուբադ Իբադօղլուին։
Սակայն մեկ ամիս անց ձերբակալվել է մեկ այլ գիտնական՝ Ֆազիլ Գասիմովը, իսկ հունիսին՝ ազգագրագետ Իգբալ Աբիլովը, որը զբաղվում էր Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ուսումնասիրությամբ։ Վերջինիս, ինչպես և Բահրուզին, մեղադրել են պետական դավաճանության մեջ։