Իրանում ձերբակալել են անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցների․ ինչ է կատարվում այնտեղ
Իրանում անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննության շրջանակներում, նրանց թվում են հետախուզության բարձրաստիճան սպաներ եւ զինվորական պաշտոնյաներ, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ Telegraph պարբերականը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) անանուն աշխատակիցներին, հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար պայթուցիկը դրել են ԻՀՊԿ իրանցի գործակալները՝ Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի առաջադրանքով: Պարբերականի փոխանցմամբ՝ իրանական հատուկ ծառայությունների համար միջադեպը դարձել է «նվաստացում և անվտանգության հսկայական ճեղք»։
«Իրանում ավելի քան երկու տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորական պաշտոնյաներ եւ զինվորականների պաշտպանության տակ գտնվող Թեհրանում գտնվող հյուրատան հաստիքային աշխատողներ (որտեղ զոհվել է ՀԱՄԱՍ -ի քաղբյուրոյի ղեկավար Հանիան - խմբ.)», - ասված է New York Times-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո իրանական անվտանգության գործակալները մեկուսացրել են Թեհրանի հյուրատան բոլոր աշխատակիցներին և նրանցից առգրավել բոլոր էլեկտրոնային սարքերը, ներառյալ բջջային հեռախոսները: Գործակալները նաև հարցաքննել են հետախուզության բարձրաստիճան սպաներին և զինվորականներին, որոնք պատասխանատու են Թեհրանի անվտանգության ապահովման համար:
Ինչպես հայտնել են New York Times-ի աղբյուրները, Իրանի հատուկ ծառայությունները կարծում են, որ «Մոսադ»-ի վարձած գործակալները դեռ երկրում են, այժմ նպատակը նրանց ձերբակալելն է:
Չորեքշաբթի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր Թեհրանում Հանիայի նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով նրա մահվան մասին, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար:
Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և դրան Իսրայելի մասնակցության թեմայով:
Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում ԶԼՄ-ների հաղորդագրություններին Հանիայի սպանության մասին: Jerusalem Post-ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին։