Կորել է 60 հազար հատ ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել․ Factor
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Այս մասին Factor.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Անանյանը լրատվմիջոցի հետ զրույցում պնդել է, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։
«Իրենք պնդում են, որ մեզ ի պահ տրված ցախավելները չենք վերադարձրել, բայց ինչպես տրվել են, այնպես էլ նույն կերպ ամբողջը վերադարձրել ենք։ Եթե ցախավելները չենք վերադարձրել, այդ դեպքում ինչպե՞ս են Երևանի սանմաքրումն իրականացրել»,- ասել է նա։
ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ իրենք չունեն պահեստ, և չեն կարողանում պահեստավորել ապրանքը։ Այդ պատճառով հայտարարում են մրցույթ, և շահած ընկերությունն է պահեստավորում իր տարածքում։ Ցանկացած պահի հիմնարկը կարող է դիմել տվյալ ընկերությանը՝ դրանք վերադարձնելու պահանջով։ Արթուր Անանայանն ասաց, որ 2019 թվականից սկսած՝ այսինքն հիմնարկի հիմնադրման օրվանից ի վեր իրենք են պահեստավորել։ «Մենք ԵԱՍՄ հիմնարկի հետ աշխատել ենք հիմնադրման օրվանից մինչև այն պահը, երբ Սաշա Կատվալյանը, նշանակվելով տնօրեն, որոշեց միակողմանի լուծել պայմանագիրը։ Մենք էլ չորս հայց ենք ներկայացրել ԵԱՍՄ հիմնարկի դեմ։ Սաշա Կատվալյանը մեզ համար արհեստական խոչընդոտներ է ստեղծել, որպեսզի «իր գործն անի»»,- մեզ հետո զրույցում հայտարարել է ձեռնարկատեր Արթուր Անանյանը։
Այս տարվա հունվարի 29-ին ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն նշանակված Սաշա Կատվալյանը լրատվամիջոցի հետ զրույցում հակառակն է պնդել՝ ասելով, որ հիմնարկում ԱՁ Արթուր Անանյանը մենաշնորհային դիրք է ունեցել և շահել է հայտարարված բոլոր մրցույթները։
«Ամեն ամիս 24 միլիոն դրամով մրցույթ է հայտարարվել և շահել է նույն մարդը՝ ԱՁ Արթուր Անանյանը։ Հիմնարկը պարտավոր էր մրցույթ հայտարարել մեկ անգամ ամբողջ տարվա ծավալով, և այդ դեպքում պիտի երաշխիքի ապահովում իրականացվեր, քանի որ հայտարարված մրցույթը կգերազանցեր 25 միլիոն դրամը։ Իսկ այդ մարդու համար ստեղծվել են «ջերմոցային» պայմաններ, օրինակ անցած տարի 11 անգամ տենդեր է դրվել, որը կազմել է 264 միլիոն դրամ։ Այսինքն՝ եթե դու ծավալը գիտես, ինչո՞ւ ես մաս-մաս մրցույթ հայտարարում և այնպես անում, որ նույն մարդը հաղթի։ Մենք հիմա 100 հազար խմբաքանակով մրցույթ ենք հայտարարել, որի համար երաշխիքի ապահովում է պետք»,- մանրամասնել է Կատվալյանը։
ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ հանձնման-ընդունման որևէ ակտ չի եղել։
«Ինքը մեր մոտ նախորդ տարվանից ի պահի պայմանագիր ունի, շահել է մրցույթ, պայմանագիրը կնքելուց օրեր հետո իրեն փոխանցվել է ամբողջ գումարը, բայց ապրանքը չի մատակարարել։ Ես եկել եմ որպես տնօրեն, բացել եմ հաշվապահությունով պահեստ կոչվածը, որտեղ գրված է 240 հազար հատ ցախավել Արթուր Անանյանի անունով ի պահ, նայում եմ հանձնման-ընդունման որևէ ակտ չկա, որը կվկայի, որ ինքը երբևէ վերադարձրել է այդ ցախավելները։ Իրեն ասում եմ՝ քեզ ի պահ է տրվել, վերադարձրու, հրաժարվում է, ես էլ մտնում եմ դատարան պահանջով, որ այդ ցախավելները՝ 96 միլիոն դրամի, վերադարձնի հիմնարկին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը զեկուցեց ԵԱՍՄ հիմնարկում ենթադրյալ չարաշահումների մասին։ Հիմնարկում այդ ուսումնասիրությունը կատարվել է 2022-2023 թվականներին։ Ըստ զեկույցի՝ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի պահեստում ապրանքներ են ելքագրվել առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, մեքենաները վերանորոգելու փոխարեն վերածվել են ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։