Արտաշատի 38-ամյա բնակիչը խաբեությամբ երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․ հունվար և փետրվար ամիսներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է երեք տարբեր քաղաքացիների։ Ներկայանալով որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակից՝ ստուգումներ կատարելու պատրվակով, նրանց խնդրել է իրեն տրամադրել հավելվածի գաղտնաբառերը։ Դրանք ստանալուց հետո, տվյալները մուտքագրելու միջոցով նա հասանելիություն է ստացել հիշյալ քաղաքացիների անվամբ նույնականացված «Իդրամ» դրամապանակներին։


Այնուհետև դրա միջոցով համակարգչային տվյալը, առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելով` ՀՀ–ում գործող բանկերից մեկում առցանց եղանակով ձևակերպել է տարբեր չափերով՝ 100․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամի վարկային մի քանի պայմանագրեր։ Դրանից հետո «Իդրամ» դրամապանակին, որպես հատկացված վարկային միջոցներ մուտքագրված ընդհանուր 800․000 ՀՀ դրամից 600․000-ը փոխանցել է երեք տարբեր կայքում իր ծանոթների անվամբ գրանցված, սակայն փաստացի իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին՝ կատարելով խոշոր չափերով համակարգչային հափշտակություն։


Մեկ դեպքում էլ, բացի նշված հանցավոր սխեմայով ձևակերպված վարկային միջոցներ հափշտակելը, 38-ամյա տղամարդը նաև տուժողի անվամբ թողարկված և վերջինիս «Իդրամ» դրամապանակին կցված բանկային քարտից ելքագրել է ընդհանուր 1.900.000 ՀՀ դրամ գումար՝ այն ևս հափշտակելով։


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 38–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:


Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։


ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է համակարգչային հանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար որևէ դեպքում բանկային հավելվածների, էլեկտրոնային դրամապանակների մուտքային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։ Անծանոթ անձանց կողմից բանկերի, ֆինանսական կազմակերպությունների անունից ներկայանալու և նմանատիպ տվյալներ խնդրելու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգումներ, ճշգրտումներ իրականացնել այդ կազմակերպությունների հետ հաղորդակցվելու միջոցով, ինչպես նաև ահազանգել իրավապահ մարմիններին։