18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են օրեր առաջ Երևանում տեղի ունեցած դանակահարության կադրերը

Հրապարակվել են օրեր առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության կադրերը։


Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 10-ին՝ 01.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ:


Օպերատիվ խումբ մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ էին պահվել պարեկները: 


Պարզվել էր, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել էին իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել էր մյուս երկուսին:


Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել էր 1-ին համալսարանական հիվանդանոց:


Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր:


Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի:


Վեճի երրորդ մասնակիցը չկար:


Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնել էին, որ 19-ամյա երիտասարդը գիտակցության չգալով` մահացել է:


Շուտով պարզվում է նաև միջադեպի երրորդ մասնակցի ինքնությունը` Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդ:


Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար:


Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության:


Կենտրոնականի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։


Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն

Պատահարներ