ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել մեքենայի ուղևորներին. հնչել են կրակոցներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Պարզվել է որ ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Niva»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հայհոյանքներ հնչեցնելով նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում ատրճանակից արձակվել են կրակոցներ:
Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն է, «Opel»-ի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ․-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:
Ոստիկանները մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվեծների պահման վայր: