ՏԵՍԱՆՅՈՒԹ. էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները:


Նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը:


Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է.


«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,


Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։


Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։


Ուրախ եմ նաև ողջունել ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարներին և հրավիրված հյուրերին։


Ինչպես արդեն նշել ենք նեղ ձևաչափով քննարկման ժամանակ, այսօրվա հանդիպումը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ։


Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր երկրների տնտեսությունների համար անդամ երկրների միջև սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։


Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով։


Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը:


Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Հարգելի գործընկերներ,


Վերադառնալով բուն օրակարգային հարցերին՝ չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։


Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։


Հատկապես կարևորում ենք իրավական դաշտի ստեղծումը, որն ապահովում է անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։ Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։


Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար։


Հարգելի գործընկերներ,


Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա:


Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։


Շնորհակալություն ուշադրության համար»։


Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով ծրագրերի ընթացքին, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության զարգացմանը:

Քաղաքականություն