ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափը

Կառավարությունը բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Մի շարք ոլորտների համար էլ սահմանափակվելու է շրջանառության հարկով աշխատելու հնարավորությունը։ Համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը հավանության արժանացավ կառավարության մայիսի 2-ի նիստում։


Շրջանառության հարկը բարձրանալու է կրկնակի չափով և կազմելու է 10 տոկոս՝ գործող 5-ի փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետք է փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից հրաժարվել։


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքների փոփոխության փաթեթը, դժգոհեց՝ շրջանառության հարկի մեխանիզմը դարձել է արտոնյալ հարկային համակարգ․ «Գրեթե բոլոր ոլորտներում հարկման համակարգի ընդհանուր բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը։


Նախագծով ֆինանսների նախարարությունն առաջարկում է նաև որոշակի ուղղություններով սահմանափակել տնտեսվարողներին աշխատել շրջանառության հարկով և գործել որպես միկրոձեռնարկություն։ Դրանք են՝ նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի, անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, տեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապա­հով­ման մշակ­­ման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափա­գրման, սաունաների, բաղնիքների և շոգե­բաղնիքների կազմակերպման գործու­նեու­թյան տեսակ­նե­րով զբաղ­­վող ուղղությունները։


Հարկային շեմի բարձրացմամբ կառավարությունը նախատեսում է 17,8 միլիարդ դրամի պետական եկամուտների աճ ունենալ։ Ֆինանսերի նախարարն ասաց, որ կան 50 000-ից ավել շրջհարկ վճարողներ և բոլորը միասին 2023-ի արդյունքներով վճարել են Հայստանի հարկերի 2,3 տոկոսը, որը ցածր ցուցանիշ է։


Հավելենք` Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ։

Քաղաքականություն