ԱՄՆ-ն առաջին անգամ մտադիր է պատժամիջոցներ սահմանել իսրայելական ստորաբաժանման դեմ

Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի օրվա ընթացքում կհայտարարի Իսրայելի պաշտպանության բանակի «Նեցախ Յեհուդա» գումարտակի դեմ պատժամիջոցների մասին՝ մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք ամերիկյան աղբյուր։ Սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի իսրայելական զորամասի դեմ։ Պատժամիջոցները կարգելեն գումարտակին եւ նրա անդամներին ԱՄՆ-ի կողմից որեւէ ռազմական օգնություն կամ ուսուցում ստանալ, հայտնել են աղբյուրները: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում էր Մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները, մի քանի ամիս առաջ Բլինքենին խորհուրդ էր տվել արևմտյան ափին գործող մի քանի իսրայելցի զինվորականների և ոստիկանության ստորաբաժանումներին զրկել ամերիկյան օգնություն ստանալու իրավունքից:



ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բլինքենի որոշումը «Նեցախ Յեհուդա» ստորաբաժանման վերաբերյալ հիմնված է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից առաջ տեղի ունեցած միջադեպերի վրա, և դրանք բոլորը տեղի են ունեցել Արևմտյան ափին: Գումարտակը ձևավորվել է որպես հատուկ ստորաբաժանում զորակոչային տարիքի ծայրահեղ ուղղափառ հրեաների համար։ Նրա բոլոր անդամները տղամարդ են։ Տարիների ընթացքում արևմտյան ափին տեղակայված ստորաբաժանումը դարձել է ծառայության վայր շատ երիտասարդ արմատապես տրամադրված աջակողմյան վերաբնակիչների համար, որոնք չեն ընդունվել որևէ այլ մարտական ստորաբաժանում:


ԱՄՆ պետդեպարտամենտը հետաքննություն է սկսել գումարտակի դեմ 2022 թվականի վերջին այն բանից հետո, երբ նրա զինվորները կապ են ունեցել պաղեստինյան քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության մի քանի դեպքերի հետ, այդ ժամանակ հայտնել էր Haaretz թերթը։ Միջադեպերից մեկը 2022 թվականի հունվարին Պաղեստինյան ծագմամբ 80-ամյա ամերիկացի Օմար Ասադի մահն էր։ Ասադին ձերբակալել են «Նեցախ Յեհուդա»-ի զինվորներն Արևմտյան ափին գտնվող իր գյուղի անցակետում ուշ գիշեր: Այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ստուգում անցնել, զինվորները ձեռնաշղթաներ են հագցրել նրան, փակել բերանը եւ ցրտին թողել գետնին պառկած։ Մի քանի ժամ անց նրան մահացած են գտել։


2023 թվականի հունվարին գումարտակն արևմտյան ափից տեղափոխվել է Գոլանի բարձունքներ։ Թերթը հայտնել է, որ այդ որոշումը բազմաթիվ միջադեպերի արդյունք է, որոնց ժամանակ գումարտակի զինվորները բռնություն են կիրառել պաղեստինցի քաղաքացիական բնակչության դեմ:


«Պատժամիջոցներ չպետք է սահմանվեն Իսրայելի պաշտպանության բանակի նկատմամբ», - շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ ՑԱԽԱԼ-ը պայքարում է ՀԱՄԱՍ-ի դեմ, այդ միջոցները կիրառելու մտադրությունը «աբսուրդի եւ բարոյական անկման գագաթնակետն է», եւ որ իր կառավարությունը «բոլոր միջոցներով գործելու է այդ քայլերի դեմ»:


Գազայի հատվածի հետ Իսրայելի պատերազմում զոհվածների թիվը շաբաթ օրը գերազանցել է 34 հազարը, ընդ որում զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են: Առնվազն վեց մարդ Է զոհվել Ռաֆահի տներից մեկում գիշերային ավիահարվածի հետեւանքով: Գազայի կառավարության ղեկավարած առողջապահական մարմինների տվյալներով՝ 77 հազար մարդ վիրավորվել է: Այս թվերի մեջ ներառված չեն տասնյակ հազարավոր մահացածներ, որոնք, ինչպես ենթադրվում է, թաղված են տների, խանութների, ապաստարանների և այլ շենքերի ռմբակոծված ավերակներում, հայտնում է Associated Press-ը: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ սպանել են ՀԱՄԱՍ-ի ավելի քան 13 հազար անդամների:

Քաղաքականություն

Պատահարներ