Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն. Հովիկ Աղազարյան

Ես մի քիչ շատ բանից եմ տեղյակ, որը չեմ կարող բարձրաձայնել, բայց մի շարք հետևություններ եմ արել և հասկացել՝ ինչպես եմ մշակելու իմ ռազմավարությունը հետևյալ կոնտեքստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման որոշմանը:


«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա և ինքը հետևություններ անի, ամեն բան չէ, որ կարելի է բարձրաձայն ասել: Այստեղ առաջին պլան է մղվել Ռուսաստան-Ադրբեջան պայմանավորվածությունը, Ադրբեջանի ճնշման տակ Ռուսաստանը հեռացրեց խաղաղապահներին: Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի պլաններն իրագործելու առաջ կանգնած է մնացել միայն հայ ժողովուրդն իր ընտրած իշխանության հետ»,- նշեց Աղազարյանը:


Պատգամավորի խոսքով՝ միջազգային այլ իրադարձությունները կապ չունեն խաղաղապահների դուրսբերման հետ, այլ առկա է միայն ՌԴ-ի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն: Իրականում իրենց գործառույթների մասով պրոցեսն ավարտվել էր:


«Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն: Ադրբեջանը բավարարված չէ պատերազմի արդյունքներով և ապակառուցողական է դրա համար: Բոլորը պետք է հասկանան, արցախցիներն էլ թող մտածեն հատկապես ինչ տողատակեր կան այստեղ»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը:


Ավելի վաղ հայտնի է դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։


«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» (չակերտները՝ Tert.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Քաղաքականություն

Պատահարներ