Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված և խոցելի. ՀՀ ԱԺ պատգամավորները` Ճապոնիայի դեսպանին
Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ամենատարբեր ուղղություններով Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, սոցիալական, տեխնիկական աջակցությանը, այլ նաև արտաքին քաղաքականության բնագավառում Ճապոնիայի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշմանը»,- նշել է Բաբկեն Թունյանը:
Բարեկամական խմբի անդամները, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ընդգծել են, որ այն շարունակում է մնալ լարված և խոցելի: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է գերի պահել մեր հայրենակիցներին, ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, չի դադարում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:
Ընդգծելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը` բարեկամական խմբի անդամները նշել են, որ այդ նպատակին հասնելու համար կարևոր է գործընկեր երկրների աջակցությունը, ինչպես նաև թիրախային հայտարարությունները և քայլերը` զսպելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հավակնությունները:
Պատգամավորները բարձր են գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակիցներին Ճապոնիայի ցուցաբերած աջակցությունը: Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ տնտեսական համագործակցության հարցում առկա է չիրացված ներուժ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ Ճապոնիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հայ-ադրբեջանական բանակցություններին:
Աոկի Յուտակայի խոսքով` Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը և պատրաստ է աջակցել դրանց: Կողմերը միակարծիք են եղել, որ թե' Ճապոնիան և թե' Հայաստանը կիսում են ընդհանուր արժեքներ` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...