Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ․ Պուտին
Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «զառանցանք» անվանելով բոլոր այդ հայտարարությունները․
«2022 թվականին ԱՄՆ-ը ծախսել է 811 մլրդ դոլար պաշտպանական ծախսերի համար, ՌԴ-ն՝ 72 մլրդ դոլա, 72 և 811․․․դե, տարբերությունը շոշափելի է, ավելի քան 10 անգամ: ԱՄՆ պաշտպանական ծախսերը կազմում են համաշխարհային պաշտպանական ծախսերի մոտավորապես 40 տոկոսը, իսկ Ռուսաստանը՝ 3,5: Եվ մենք, նկատի ունենալով այս հարաբերակցությունը, պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի հետ․․․սա պարզապես անհեթեթություն է», - ասել է Պուտինը։
«Եթե Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես Ռուսաստանն էր առաջարկում, Եվրոպայում՝ անվտանգության ոլորտում, միանգամայն նոր հարաբերություններ կառուցեին, այսօր նման ոչինչ չէր լինի։ Պարզապես հաշվի կառնեին մեր շահերը», - ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի շարժվել դեպի ՆԱՏՕ-ի սահմաններ: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ «Հատուկ ռազմական գործողությունների» ժամանակ Ռուսաստանը պաշտպանում է ռուսական պատմական տարածքներում ապրող իր ժողովրդին։
«Ուստի այն, թե մենք պատրաստվում ենք Ուկրաինայից հետո հարձակվել Եվրոպայի վրա, լիակատար անհեթեթություն է, ահաբեկում են իրենց ժողովրդին բացառապես նրա համար, որպեսզի նրանցից փող կորզեն», - նշել է ՌԴ նախագահը։