
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ

Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։
Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ։
«2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ի պահ է հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը վավերացնելու իր փաստաթուղթը։ Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից»,- ասված էր դատարանի կայքում։
Մամուլի ծառայությունը նաև պարզաբանել է, որ Հայաստանի կողմից ՄՔԴ ներկայացված փաստաթղթերից հետևում է, որ երկիրը հետադարձ ուժով ճանաչում է դատարանի իրավասությունը՝ 2021 թվականի մայիսի 10-ից։
Միջազգային քրեական դատարանը միջազգային քրեական արդարադատության մարմին է, որի իրավասությունը ներառում է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և զինված ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումը։ Դատարանի հիմնադիր փաստաթուղթը՝ Հռոմի ստատուտը, ընդունվել է 1998 թվականին և ուժի մեջ է մտել 2002 թվականին։
Հայաստանը դարձավ փաստաթուղթը վավերացրած 124-րդ պետությունը։ ՄՔԴ-ի իրավասությունը չի տարածվում Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների վրա: Մոսկվան մասնակցել է Հռոմի ստատուտի մշակմանը և ստորագրել այն 2000 թվականին, սակայն չի վավերացրել այն, իսկ 2016 թվականին հետ է կանչել իր ստորագրությունը։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի ամռանը, սակայն 2004 թվականին Սահմանադրական դատարանը փաստաթղթով նախատեսված պարտավորությունները հակասող ճանաչեց երկրի Հիմնական օրենքին։
Հայաստանի կառավարությունը կրկին դիմել է բարձրագույն դատարան՝ 2022 թվականի վերջին Հռոմի ստատուտին միանալու հարցով։ Մի քանի ամիս անց Սահմանադրական դատարանը որոշեց, որ փաստաթղթի դրույթները չեն հակասում Հիմնական օրենքին։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնող օրենքը։
Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ ՄՔԴ-ի հիմնական փաստաթղթի վավերացումը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայով, ինչպես նաև Հայաստանի տարածքում իրականացված ռազմական մի շարք կոպիտ հանցագործություններով։ ՄՔԴ-ին միանալը, նշել է Երևանը, հնարավորություն կտա դիմել այս կառույցին՝ Բաքվին պատասխանատվության ենթարկելու համար։
Ռուսաստանը դեմ է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։ Երկրի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՄՔԴ-ին միանալու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» գործողություն Ռուսաստանի նկատմամբ։
Երևանն ասել է, որ դեռևս գարնանը իրենք Մոսկվային առաջարկել են ստորագրել երկկողմ համաձայնագիր՝ Հռոմի ստատուտի շրջանակներում հիմնախնդիրը իրավական ճանապարհով լուծելու համար։