Սանոսյանը՝ Հյուսիս–հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարության մասին

Հյուսիս–հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը կսկսվի 2024 թվականին։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։


«Մրցույթի արդյունքում Քաջարանից Ագարակ 32 կմ հատվածի մրցույթն այս տարի վերջապես ավարտվեց, ու հաղթող ընկերությունն արդեն կա։ 2024 թվականին որոշակի կազմակերպչական աշխատանքներից հետո առաջին անգամ հարավում շինարարություն կունենանք»,– ասաց նախարարը։


Նա նշեց՝ Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի համար որոշակի գումար էր նախանշվել, գործընթացի համար մրցույթ էր իրականացվել, բայց մի շարք հարցերի շուրջ վիճահարույց կետեր կան։ Ըստ Սանոսյանի` քանի որ գործընթացն առաջ չի գնացել, այդ պատճառով էլ գումարները չեն վճարվել։


«Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածը բավականին բարդ պրոյեկտ է։ Այն 60 կմ երկարություն ունի` 27 կամուրջ, 12 թունել, որոնցից մեկը 8.6 կմ է։ Այս մասով մասնագիտական վեճեր կան գործընկերների հետ` արդյոք պետք է մեկ լոտով կառուցել, թե մի քանի լոտի բաժանենք կամ թունելն առանձին կառուցել, այնտեղից էլ` հյուսիսն ու հարավն առանձին»,– ընդգշեց Սանոսյանը։


Նա հավելեց, որ Հյուսիս–հարավ ճանապարհի առնչությամբ հիմնականում 2 մասով է թերակատարում եղել։ Հողերի օտարման գործընթացում դատական վեճեր են լինում, ինչն էլ հանգեցնում է գործընթացի դանդաղեցման, հետևաբար տվյալ հատվածում վճարումը չեն կարողանում ժամանակին անել։ Սանոսյանը մանրամասնեց` եթե հողերի օտարման գործընթաց լիներ, վճարումներ կլինեին, գումարները կներդրվեին բյուջեում։


Անդրադառնալով Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի ճանապարհներին` նախարարն ասաց, որ արդեն ապահովվել է այդ հատվածների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Անավարտ է մնացել Աշտարակ–Թալին հատվածը, քանի որ դատական քաշքշուկներ կան, և ժամանակավոր ճանապարհն արդեն երկար տարիներ հիմնական է դարձել։


Այս տարի նաև հավելյալ 11 կմ ճանապարհ է բացվել` հեշտացնելով դեպի Թալին և Գյումրի հասնելու հնարավորությունը։


Քաղաքականություն