Ավտովթարի է ենթարկվել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ 2 հոգի էլ՝ քաղաքացիական ավտոմեքենաներով, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Վանաձորի շտապօգնության բժիշկները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ ավտոբուսը հաշվառված է Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվեկշռում և վիրավորները նշված ֆաբրիկայի աշխատակիցներ են։

Քաղաքականություն

Պատահարներ