«Սոնա Աղեկյանը ջուր լցրեց վրաս, ես էլ մազերից քաշեցի». Անի Խաչատրյանը մանրամասնում է

Ես ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին տարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև Վազգեն Սարգսյան ու ավելորդ բառեր:

Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ իր և Սոնա Աղեկյանի մասնակցությամբ միջադեպին:

«Զգացի, որ ելույթս չի ստացվում, իջա, որ գամ վերջ: Ավելորդ խոսակցություններ ու էդ պահին կոյուղաջրերի թագուհին որոշեց, որ ինձ վրա պետք է ջուր ցփնի: Հետո սկսվեց իրարանցում, ինչպես տեսել եք»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ առավոտից այստեղ իրավիճակը լարված էր, Անի Խաչատրյանն ասաց.

«Իրենք այդ նպատակով էլ եկել էին, պարզ էր, որ նպատակը, ինչի համար եկել էին՝ սա էր: Մենք փորձեցինք զսպել, զսպել, զսպել, ելույթները հնարավորինս քաղաքական, ամբիոնից և ոչ թե դահլիճից, բայց տեսանք այն, ինչ տեսանք»։

Ինչ վերաբերում է միմյանց հարվածելուն, ավագանու անդամը ասաց․

«Ես ոչ մեկին չեմ խփել: Այն պահին, երբ ինձ վրա ջուր եկավ, ես ինքնապաշտպանական մազերից քաշեցի, որ բաժակը ձեռքից վերցնեմ: Այդքանն է եղել: Հետո արդեն իրարանցում էր, ով ինչ, չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի պահին իրավիճակը լարվել էր։ Անի Խաչատրյանի՝ բեմից իջնելուց հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր էր լցրել նրա վրա: Վերջինս նույնկերպ պատասխանեց: Ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր անջատել ուղիղ հեռարձակումը: