Զինված տղամարդը մեքենայով ներխուժել է Համբուրգի օդանավակայանի տարածք

Երեկ երեկոյան Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ՝ զինված տղամարդու մեքենայով տարածք ներխուժելու պատճառով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը, հղում կատարելթվ օդանավակայանի մամուլի ծառայությունը։ 
 
«Այսօրվա համար նախատեսված է 286 չվերթ (139 մեկնում և 147 ժամանում), որը պետք է տեղափոխի մոտ 34,5 հազար ուղևոր, այս պահին արդեն չեղարկվել է 61 չվերթ (34 մեկնում և 27 ժամանում) Օրվա ընթացքում կլինեն ևս չեղարկումներ և հետաձգումներ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 
 
Բացի այդ, նախորդ գիշեր չեղարկվել է վեց մեկնում և չորս ժամանում։ Համբուրգ մեկնող ևս 17 ինքնաթիռներ ուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ընդհանուր առմամբ երեկ ստեղծված իրավիճակից տուժել է մոտավորապես 3,2 հազար ուղևոր։ 
 
Նոյեմբերի 4-ի երեկոյան Համբուրգի օդանավակայանը փակվել է «ոստիկանության միջոցառումների» պատճառաբանությամբ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ խոշոր գործողություն են իրականացնում թռիչքուղում, խոսքը ահաբեկչության և պատանդներ պահելու մասին է։ 
 
Bild գործակալության փոխանցմամբ՝ զինված տղամարդն իր մեքենայում է գտնվում չորսամյա դստեր հետ։ Ոստիկանությունը նշել է, որ հնարավոր պատճառ կարող է լինել երեխայի խնամակալության հետ կապված վեճը։ 
 
Ավելի ուշ Bild-ը հայտնել է, որ տղամարդը 35-ամյա թուրք է Ներքին Սաքսոնիայից, ով ցանկանում է դստերը տանել Թուրքիա։ Ներխուժելով օդանավակայան՝ նա մեքենան կայանել է հենց Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի մոտ, որտեղից պետք է տարհանվեին ուղևորները։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ